» » Հեղափոխության առաջին խոշոր հաղթանակը՝ բանակում

Հեղափոխության առաջին խոշոր հաղթանակը՝ բանակում

15 июль 2018, Воскресенье
811
0


1in.am-ը գրում է.

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ՝ ներկայացնելով իր տեսլականը կառավարության ծրագրում պաշտպանության համակարգի և Զինված ուժերի համար սահմանված նպատակների, առաջնահերթությունների և գերակա խնդիրների իրագործման վերաբերյալ:

Միանգամից ասենք, սա նոր խոսք է պետական կառավարման համակարգում այն իմաստով, որ որևէ ոլորտի ղեկավար ներկայացնում է ոչ թե արարողակարգային, կառավարության ծրագրում մեխանիկորեն ընդգրկվելիք ծրագիր, այլ տեսլական,

որն ունի հայեցակարգային, ռազմավարական նշանակություն և նախանշում է Զինված ուժերի զարգացման հիմնական գերակայություններն ու ուղղությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում։

Գուցե խորհրդանշական է, որ նման տեսլական առաջինը ներկայացնում է հենց պաշտպանության նախարարը՝ հաշվի առնելով բանակի դերը, նշանակությունն ու կարևորությունը Հայաստանի կյանքում։

Սա լավ, չափազանց լավ նախադեպ է և նույնքան դրական կլինի, եթե այն ունենա վարակիչ նշանակություն ու իրենց ոլորտների զարգացման տեսլականներ ներկայացնեն բոլոր առանցքային գերատեսչությունների ղեկավարները։

Զինված ուժերի կառավարման ու զարգացման՝ Դավիթ Տոնոյանի ներկայացրած տեսլականը կարևորագույն փաստաթուղթ է, որը նախանշում է Հայկական բանակի նոր դերակատարությունն ու տեղը ինչպես ներքին կյանքում,

այնպես էլ՝ որպես տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համակարգի մաս ու այդ համակարգի ոչ թե սոսկ սպառող, այլ անվտանգություն ապահովող։

Այս տեսլականն իրագործման դեպքում կարող է որակապես փոխել Զինված ուժերի որակը՝ սկսած բանակում առկա ներքին հարաբերություններից, վերջացրած անվտանգության ապահովման գործում բանակի ունեցած դերակատարումից։

Փաստաթուղթը բավական ծավալուն է և մեկ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ ամբողջությամբ անդրադառնալ դրան, այդ պատճառով կփորձենք ներկայացնել դրա առավել հայեցակարգային դրույթները։

«Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ:

Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու,

իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է»,- փաստաթղթի ներածական մասում գրում է Դավիթ Տոնոյանը:

Նշված շեշտադրումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու» մասին չափազանց կարևոր, հայեցակարգային դրույթ է,

որով մի կողմից արձանագրվում է, որ դիվանագիտական ճակատում հաջողություններ ապահովելու գործում բանակն ունի առանցքային նշանակություն, մյուս կողմից՝ անհրաժեշտության դեպքում ուժի դիրքերից հանդես գալու բանակի կարողությունը ու այդպիսով նաև բանակցային պայմաններ ապահովելու անհրաժշետությունը։

Նոր իրողություններ, նոր նպատակներ

Դավիթ Տոնոյանը չափացանց հետաքրքիր տեսանկյունից է սահմանում Զինված ուժերի նպատակները նոր իրողություններում։ «Առաքելություն՝ պարտականության փոխարեն». այս հայեցակարգային թեզն է ներկայացնում պաշտպանության նախարարը։

«Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող Զինված ուժերի ձևավորումն է:

Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ:

Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց։

Այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ:

Սա վերաբերում է պաշտպանության ոլորտի անձնակազմի անխտիր բոլոր կատեգորիաներին՝ գեներալներից ու սպաներից մինչև կրտսեր և ավագ ենթասպաներ ու շարքայիններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից և քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև բանվոր-ծառայողներ:

Պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ:

Տրամագծորեն հակառակ մշակույթ է ձևավորում առաքելությունը. այն ենթադրում է տվյալ գործին, ձեռնարկին կամ հղացմանը սեփականության իրավունք, երբ նպատակի իրականացման պատասխանատվությունը հավասարաչափ դրված է պաշտպանության նախարարի և կրտսեր ծառայողի, գեներալի և շարքայինի վրա,

և երբեմն սեփական կարգապահ նախաձեռնողականությունը կարող է ունենալ հիրավի ռազմավարական նշանակության բարենպաստ հետևանքներ»:

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ հենց առաքելության զգացումն է, որ կարող է դառնալ պետության ու հասարակության առջև բանակի ունեցած պատմական առաքելության գիտակցության հիմք։

Այս համատեքստում նա կարևորում է նաև սեփական օրինակով ենթականերին առաջնորդելու անհրաժեշտությունը, ինչը կառավարման ոսկե կանոններից մեկն է։

Այս մոտեցումը հատկապես կարևորվում է գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ գործի բացահայտման ու ընդհանրապես բանակի ղեկավարության ոչ օրինակելի ու հանրային վարքագծի համատեքստում։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 

Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057
z